Հայաստանի նախագահը Նիկոլա Սարկոզիին հրաւիրել է Հայաստան


20:20 / 10.03.2010
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին հրաւիրել է պետական այցով այցելել Հայաստան:
Նիկոլ Սարկոզին իր հերթին փոխադարձ հրաւէր է արել Սերժ Սարգսեանին՝ Ֆրանսիա այցելել պետական այցով: Այդ մասին մարտի 10-ին Փարիզում լրագրողներին տեղեկացրել է Հայաստանի արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը՝ նշելով, որ այցը կը կայանայ մօտակայ ժամանակներս:
«Հայ-ֆրանսիական բարեկամական յարաբերութիւններ» բառերը պարզապէս ձեւական ձեւակերպում չեն, դրանք իսկապէս բարեկամական են",- ասել է Էդւարդ Նալբանդեանը՝ յաւելելով, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի յարաբերութիւններն ապրում են իրենց ոսկէ շրջանը:
Նալբանդեանը նշել է նաեւ, որ այս օրերին Ֆրանսիայում գտնւող Հայաստանի նախագահն արդէն 3 անգամ է հանդիպում իր ֆրանսիացի գործընկերոջը, իսկ այսօր կայացած հանդիպումն անցել է շատ ջերմ եւ բարեկամական մթնոլորտում, ինչը բնորոշ է երկու երկրների յարաբերութիւններին եւ երկրների նախագահների միջեւ ստեղծւած փոխվստահութեան մթնոլորտին:
Հանդիպմանը քննարկւել են նաեւ երկկողմ յարաբերութիւններին, տարածաշրջանային եւ միջազգային յարաբերութիւններին վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել Ղարաբաղեան կարգաւորմանն ու Հայ-թրքական կարգաւորման գործընթացին:
Յիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի գլխաւորած պատւիրակութիւնը եռօեայ այցով գտնւում է Ֆրանսիայում: Սերժ Սարգսեանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի նախագահի, Սենատի եւ Ազգային Ժողովի նախագահների հետ:



Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: