Խայտառակ առաջնութիւն Թուրքիայում.
Գլխաւոր մրցավարը կաշառւած էր
16:52 • 12.03.10
Անթալիայում ընթացող ուշուի Եւրոպայի առաջնութիւնն այս մարզաձևի պատմութեան վատագոյններից մէկն էր, թէ ոչ վատագոյնը։ Այս մասին գրում է ArmSport.am–ի թղթակիցը մրցավայրից՝ նշելով, որ կազմակերպիչներն ամէն ինչ արել էին, որ Հայաստանի հաւաքականը ձախողւի։
Առաջնութեան մրցավարական կոմիտէի ղեկավարն էր Գլեբ Մուզրուկովը, ուշու–սանդայի մրցավարական կոմիտէն գլխավորում էր Պիտեր Վորը (Մեծ Բրիտանիա), մրցավարական կոլեգիան նախապատրաստել էր ղազախստանաբնակ, Գերմանիան ներկայանցող Ալեքսանդր Ռադունցևը։ Վերջինիս պատրաստած մրցավարական կոլեգիան, ըստ աղբիւրի, աշխատեց բաւական կողմնակալ և անգրագէտ՝ թոյլ տալով բազմաթիւ կոպիտ սխալներ գրեթէ բոլոր մենամարտերում։
Մասնագէտների կարծիքով՝ առաջնութեան սանդա–ուշուի գլխաւոր մրցավար Պիտեր Վորին կաշառել էր Թուրքիայի ուշուի ֆէդերացիան։ Յամենայն դէպս, մի շարք երկրներ հրապարակաւ յայտնում էին իրենց դժգոհութիւնը և բարձրաձայնում կողմնակալ մրցավարութեան մասին։
Ըստ ArmSport.am–ի, հաշւի առնելով, որ Պիտեր Վորն անարդարութեան ամենամեծ մեղաւորն էր ու չպատժւեց Եւրոպայի վուշուի ֆէդերացիայի կողմից, կարելի է եզրակացնել, որ նա կատարում էր հէնց եւրոպական ֆէդերացիայի ղեկավարութեան հրահանգները։
Հայաստանի թիմը, ըստ աղբիւրի, կողմնապահութեան պատճառով կորցրեց հինգ մենամարտ։ Թէև հանդիպումները տեսագրւում էին մի քանի տեսախցիկներով (այդ թւում Հայաստանի ներկայացուցիչների կողմից), դա չէր խանգարում մրցավարներին կայացնել ապշեցուցիչ որոշումներ։
Այնուամենայնիւ, Հայաստանը կարողացաւ մեծ թւով մեդալներ վաստակել (11, որոնցից 2-ը՝ ոսկէ)։ Մարզական կայքի մասնագէտների գնահատմամբ՝ վստահաբար կարելի է ասել, որ եթէ առաջնութիւնը Թուրքիայի փոխարէն կայանար այլ երկրում, ապա մեր ընտրանին անհամեմատ աւելի շատ չեմպիոններ կունենար։

Tert.am

0 Պատգամ: