CNN-ի հեռարձակած ցեղասպանութիւնների մասին ֆիլմից դժգոհ են և՛ հայերը, և՛ թուրքերը
10:39 • 08.03.10
Ամերիկեան CNN հեռուստաալիքը մարտի 7-ին հերթական անգամ հեռարձակել է 20-րդ դարի ցեղասպանութիւնների մասին պատմող փաստավաւերագրական ֆիլմը:
Յայտնի լրագրողուհի, բազմաթիւ մրցանակների դափնեկիր Քրիստիան Ամանփուրի (պարսկուհի) կողմից պատրաստւած «Ճչայ', արիւնօտ սպանդ» ('Scream Bloody Murder) ֆիլմում, որն առաջին անգամ հեռարձակւել է 2008թ., ներկայացւում են Հայոց Ցեղասպանութիւնը, Հոլոքոստը, Կամբոջայի, Բոսնիայի, Ռուանդայի, Դարֆուրի ցեղասպանութիւնները, Իրաքի նախկին նախագահ Սադամ Հոսէյնի վարչակարգի օրօք իրաքեան քրդերի դէմ իրականացւած ցեղասպանութիւնը:Սակայն այս փաստագրական ֆիլմում 20-րդ դարի առաջին Ցեղասպանութեանը շատ փոքր տեղ է յատկացւել (ընդամէնը 46 վայրկեան):Ֆիլմում Ամանփուրը նշում է, որ Ռաֆայէլ Լեմկինի համար հայկական կոտորածները էական նշանակութիւն են ունեցել Ցեղասպանութիւն եզրը սահմանելու համար:
«Ութ տարիների ընթացքում քրիտոնեա Հայ քաղաքացիներին կոտորել և բռնագաղթի են ենթարկել, ինչի հետևանքով 1 միլիոն հայ է զոհւել: Թուրքական իշխանութիւնները մերժում են այդ իրադարձութիւններն ընդունել որպէս Ցեղասպանութիւն»,- նշում է Ամանփուրը:
Այն ժամանակ այս ֆիլմի առնչութեամբ իր բողոքի ձայնն էր բարձրացրել, մասնաւորապէս, սփիւռքի Հայ համայնքը` նշելով, որ յայտնի լրագրողուհին ոչ պատշաճ կերպով է ներկայացրել Հայոց Ցեղասպանութեան փաստը:Միւս կողմից, փաստավաւերագրական ֆիլմի հերթական ցուցադրութեան դէմ այս անգամ արդէն բողոքել են ԱՄՆ-ում գործող թուրքական կազմակերպութիւնները:
Ամերիկայի թուրքական միութիւնների համագումարի (ATAA) փոխնախագահ Ալի Չընարը, ուշադրութիւն հրաւիրելով այն հանգամանքի վրայ, որ ֆիլմը ցուցադրւել է ԱՄՆ Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի կողմից Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ թիւ 252 բանաձևի ընդունումից յետոյ, կոչ է արել անյապաղ բողոքել CNN-ի դէմ:
Չընարը, նշելով, որ այդ ֆիլմի ցուցադրումը վնասելու է թուրք-ամերիկեան յարաբերութիւններին և միջազգային հանրութեան առջև դժւարին վիճակի մէջ է դնելու Թուրքիային, յայտարարել է. «Ամերիկեան հեռուստաընկերութիւնները հայկական սփիւռքի ֆինանսական աջակցութեամբ ցուցաբերում են կողմնակալ և ԶԼՄ-ների էթիկային հակասող գործելաոճ»:
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment